• am
  • ru
  • en
Версия для печати
18.01.2026

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՆԱՏՕ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ

   

Ֆրանսիայի Ազգային ժողովում պատրաստվում է բանաձև, որը վերաբերում է երկրի դուրս գալուն ՆԱՏՕ-ից՝ ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի փոխնախագահ, ձախակողմյան «La France Insoumise» (LFI) կուսակցության պատգամավոր Կլեմանս Գետեն։

Գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում Գետեն նշել է, որ Ֆրանսիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը վաղուց է քննարկվում, սակայն այն հատկապես արդիական է դարձել այն պայմաններում, երբ, նրա գնահատմամբ, Միացյալ Նահանգները վարում է անթաքույց կայսերական քաղաքականություն։

Որպես օրինակներ՝ պատգամավորը նշել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը, ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնակցման սպառնալիքները, ինչպես նաև կողոպտիչ առևտրային համաձայնագրերը, որոնք, նրա կարծիքով, ճնշման տակ պարտադրվել են Եվրամիությանը։

Գետեն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի այն պահանջին, ըստ որի դաշինքի անդամ երկրները պետք է իրենց ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը ուղղեն ռազմական կարիքներին՝ ընդգծելով, որ դա հիմնականում ձեռնտու է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը բացահայտ ազդեցություն է ունենում նաև եվրոպական ընտրական գործընթացների վրա՝ հօգուտ ծայրահեղ աջ ուժերի։

«Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փաստացի իրեն ազատում է միջազգային իրավունքից և հավաքական անվտանգության մեխանիզմներից՝ Եվրամիությունը վերածելով իր վասալի»,- հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը։Գետենի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի անդամակցության շարունակումը մի ռազմական դաշինքում, որը գլխավորում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս եկող տերություն, անցանկալի և անընդունելի է։

Նա պնդել է, որ նման անդամակցությունը կարող է Ֆրանսիային ներքաշել հակամարտությունների մեջ, որոնք հակասում են երկրի շահերին և միջազգային պարտավորություններին։Պատգամավորի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ից դուրս գալը Ֆրանսիային հնարավորություն կտա վերականգնել ռազմական և դիվանագիտական անկախությունը՝ միաժամանակ ակտիվ դեր ստանձնելով բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ բնապահպանության, զինաթափման և հանրային բարիքների պաշտպանության ոլորտներում։

168.am


դեպի ետ