17.01.2026ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԳԼԽԻՎԱՅՐ ՇՈՒՌ ՏՎԱԾ ՕՐԻՆԱԿԸ
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ ներկայումս այնպիսի ներդրումային մթնոլորտ է Հայաստանի շուրջ, որ ոչ թե Հայաստանն է գնում գումարների հետևից, այլ գումարներն են Հայաստանի հետևից գալիս: Եվ որպես օրինակ՝ նա բերում է այն, որ մի քանի անգամ բարձրացել է Հայաստանի պարտատոմսերի, այսպես ասած, եվրաբոնդերի պահանջարկը և նվազել է տոկոսը:
Լավ է, իհարկե, որ տոկոսը նվազել է, եթե դա, իհարկե, այդպես է, այլ ոչ թե հերթական քարոզչական մանիպուլյացիան: Բայց դա նշանակում է, որ նվազել է Հայաստանի արտաքին պարտքի ներգրավման տոկոսը: Բայց պարտատոմսեր վաճառելն այլ բան չէ, քան արտաքին պարտքի ներգրավման այլ տարբերակ: Հետևաբար, դա ներկայացնել՝ որպես Հայաստանի ներդրումային գրավչության վկայություն, մեղմ ասած, տնտեսապես գրագետ չէ, իսկ քարոզչական առումով՝ մանիպուլյատիվ:
Այդ օրինակը ոչ թե այն մասին է, որ գումարներն ընկել են Հայաստանի հետևից, այլ այն մասին է, որ Հայաստանն է ընկած փողի հետևից, ընդ որում՝ պարտքով փողի:
Իսկ ինչո՞ւ է Հայաստանն ընկած պարտքով փողի հետևից: Որովհետև չկան ներդրումներ: Պետությունն արտաքին պարտք է վերցնում, երբ բացակայում են արտաքին ներդրումային խոշոր ծրագրերը: Իսկ պարտք տալիս են, որովհետև պարտքը նաև քաղաքական ազդեցություն է տվյալ երկրի հանդեպ: Առավել ևս, որ պարտք տվողների համար Հայաստանին տվածը մեծ փող էլ չէ:
Գումարների՝ Հայաստանի հետևից ընկնելու վկայություն կլիներ այն, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացներ խոշոր ներդրումային ծրագրեր կամ դրանց վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ՝ առարկայորեն, անվանումներով, ոլորտներով: Այդպիսիք, սակայն, բացակայում են, արտաքին ներդրումային խոշոր ծրագրերի օրինակները բացակայում են, ներդրումային վիճակագրությունը՝ նվազում:
Եվ դա նաև զարմանալի չէ, որովհետև ներդրումային գրավչությունը կառուցվում է շատ կոնկրետ աշխատանքի, որևէ մեկ ներդրումային ծրագրի դրական պատմության վրա, այդ գործում Հայաստանի կառավարության՝ արտաքին ներդրողի հետ, նրա կողքին արդյունավետ և վստահելի գործընկեր լինելու հաստատուն կարողության վրա:
Որովհետև Հայաստանի ներդրումային միջավայրը, չունենալով, այսպես ասած, «բնական գրավչություն»՝ մի շարք օբյեկտիվ քաղաքական բարդությունների բերումով, առավել շատ ունի կառավարության ինտենսիվ աշխատանքի կարիք, այդ թվում՝ խոշոր ներդրողների ձեռքը բռնելու:
Մինչդեռ, այդ իմաստով Հայաստանի կառավարությունը ցույց է տվել լրիվ հակառակ օրինակներ՝ հիասթափեցնելով արտաքին հեղինակավոր ընկերությունների, ինչպես, օրինակ, Էյր Արաբիան, Մասդարը, որոնք Հայաստանի կառավարության հետ ունեին խոշոր պայմանավորվածություններ, իսկ այսօր պարզապես դժգոհում են անպատասխանատու վերաբերմունքից:
Ավելին, Հայաստանի կառավարությունը ցույց է տվել, որ քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող է ոտնահարել սեփականության իրավունքը: Սա ևս չափազանց վատ ազդակ է միջազգային ներդրողներին:
Ներդրումները ոչ միայն չեն փնտրում այդպիսի կառավարություններ, այլև ձգտում են առավելագույնս հեռու լինել դրանցից:
Իսկ Հայաստանի դեպքում սա կրկնակի խնդրահարույց է, երբ տեսնում ենք, թե ներդրողների հետ ինչպիսի կայուն աշխատանք է կատարում Ադրբեջանի իշխանությունը: Եվ դա՝ Հայաստանի հանդեպ իր հավակնությունների պայմաններում:
Հակոբ Բադալյան
168.am
դեպի ետ