10.01.2026ԻՆՉՈՒ Է ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵԼ ԻՐԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
11-րդ օրն է, ինչ Իրանում շարունակվում է տնտեսական ճգնաժամի բարձրացրած բողոքի ալիքը, որն իրանական մի շարք քաղաքներում ժամանակ առ ժամանակ վերածվում է անկարգությունների՝ դուրս գալով բողոքի բացառապես խաղաղ հունից:
Իրանի իշխանությունների պնդմամբ, հասարակության բողոքը հիմնավոր է, խնդիրները պետք է լուծվեն, սակայն անկարգություն հրահրողները, գործակալները, օտար շահեր սպասարկողները, որոնք ներդրված են ցուցարարների շարքերում, պետք է պատժվեն:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական սպառնալիքն է հնչեցրել Իրանի ուղղությամբ՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այնտեղ ցուցարարներ սպանվեն: Այս մասին, ըստ Թրամփի, Թեհրանը տեղյակ է:
«Ես նրանց հստակ ասել եմ` եթե սկսեն մարդկանց սպանել, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է բողոքի ցույցերին։
Մեկնաբանելով լուրերը, թե արդեն տասնյակ մարդիկ մահացել են, Թրամփն ասել է, թե մահերի մի մասը կարող է կապված լինել ամբոխի վերահսկողության հետ կապված խնդիրների ու ջարդերի, այլ ոչ թե միտումնավոր ուժի կիրառման հետ:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երեկ հատուկ ուղերձով հանդես եկավ՝ ասելով, թե «մի բուռ» մարդ հավատում է Թրամփին և գործում է նրա հրամաններով:
«Թրամփը պետք է իմանա, որ այնպիսի բռնակալներ, ինչպիսիք են Փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Խանը և Մոհամմադ Ռեզան, տապալվել են իրենց ինքնահավանության գագաթնակետին։ Նա նույնպես կտապալվի: Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի ներսում առկա խնդիրների վրա»,- նշել է Խամենեին։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իշխանության է եկել հարյուր-հազարավոր ազնիվ մարդկանց արյան շնորհիվ, և Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանցից, ովքեր ավերածություններ են սերմանում։
«Իրանի ժողովուրդը չի հանդուրժում օտար շահերին ծառայող վարձկաններին և նման մարդկանց համարում է մերժված»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Նա Թրամփին կոչ է արել զբաղվել սեփական երկրի գործերով։ «Եթե կարող է, նա թող զբաղվի սեփական երկրի կառավարմամբ»,- ասել է Խամենեին, որի խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Իրանի իշխանությունները պնդում են, որ Իրանում բողոքի ցույցերը հրահրվել են Իսրայելի կողմից՝ ԱՄՆ աջակցությամբ։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարել է, որ որևէ հանդուրժողականություն չի ցուցաբերի դիվերսանտների նկատմամբ։
«Վերջին օրերի իրադարձությունները սկսվել են բողոքի ցույցերով, սակայն սիոնիստական թշնամու վերահսկողության և պլանավորման ներքո դրանք վերածվել են անվտանգության խախտման։ Վերջին օրերին Թրամփի հայտարարությունները նույնպես վկայում են այս երկու ռեժիմների համատեղ ծրագրի մասին՝ խաթարելու Իրանի ազգի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Այս օրերին Իրանի դիվանագիտությունը որոշ ակտիվություն է ցուցաբերում, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 8-ի առավոտյան մեկնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Արաղչին գլխավորել է քաղաքական և տնտեսական պատվիրակություն, որը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև կապերը։ Նախարարի խոսքերով, այցը կարևոր քայլ է երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։ Իրանի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարածաշրջանում քաղաքական իրավիճակը բավականին լարված է, և Իրանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Լիբանանում, մինչ Լիբանանն իսրայելական հարվածների ներքո է:
Նույն օրը՝ հունվարի 8-ին, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին ժամանել է Երևան։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Միրզոյանն ու Ռավանչին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նախարար Միրզոյանն, ըստ հաղորդագրության, իր խոսքում նշել է. «Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության, մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռվող հնարավորություններին։
168.am-ի՝ Իրանի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին, բացի ներքին իրավիճակը կայունացնելու հրամայականից, խնդիր կա խորհրդակցություններ անցկացնել բոլոր հնարավոր գործընկեր երկրների հետ: Ըստ աղբյուրի, պատահական չէ ԱԳ նախարարի այցը Լիբանան, իսկ ԱԳ փոխնախարարի այցը՝ Հայաստան:
«Ավելորդ է ասել, որ Իրանը մտահոգություններ ունի, քանի որ ԱՄՆ-ը, սիոնիստական ռեժիմը միասնաբար թիրախավորել են Իսլամական Հանրապետությունը և աշխատում են բոլոր ուղղություններից: Թե ներսում են սադրիչներն աշխատում, թե դրսում այս ռեժիմները միասնաբար աշխատում են Իրանի դիրքերը չեզոքացնելու, իսկ հնարավոր է նաև՝ ուժային միջոցներ կիրառելու համար: Դա չի թաքցնում ոչ ԱՄՆ-ը, ոչ սիոնիստական ռեժիմը»,- ասաց մեր զրուցակիցը, որը հասկանալիորեն Իրանի համար այս բարդ օրերին նախընտրեց անանուն մնալ: Ըստ նրա, քիչ չեն մտահոգությունները նաև Հայաստանի ուղղությամբ, թեև երկկողմ՝ հայ-իրանական հարաբերություններում պահպանվում է հարևանության ու բարեկամության ոգին:
«Մտահոգությունները վերաբերում են հատկապես ՀՀ-ում ԱՄՆ-ի ներկայությանը: Դրա հիմքերը գցվեցին օգոստոսին Վաշինգտոնում, երբ Թրամփն, ըստ էության, որոշելով ամրապնդվել այս տարածաշրջանում, տևական ժամանակ ցանկացած քննարկվող ճանապարհին տալ իր անվանումը, այնտեղ հաստատելով ամերիկյան ներկայություն:
Կարծում եմ՝ վերջին խորհրդակցությունների առանցքում հենց այս հարցն էր՝ ՀՀ-ի համագործակցությունը մի երկրի հետ, որի ղեկավարը սպառնում է Իրանին ռազմական հարվածներով: Իրանի համար կարևոր է հասկանալ, թե ամերիկյան ներկայությունը ՀՀ-ում ինչ ձևաչափ է ունենալու, ինչ հարցեր են քննարկվում, ինչ ծրագրեր կան: Թեև դրանք երկկողմ հարաբերություններ են, սակայն այստեղ կա նաև Իրանի կենսական շահերի հարցը, ուստի խորհրդակցությունները երբեք ավելորդ չեն:
Կարծում եմ՝ սա կարևոր է դիտարկել նաև այն տեղեկությունների ֆոնին, թե առաջիկայում տեղի է ունենալու «Թրամփի ուղու» ոչ պաշտոնական բացումը:
Հայտարարությունները խաղաղության, ճանապարհի մասին շատ են, սակայն որքան շատ են հայտարարությունները, նույնքան շատ է անորոշությունը, չպարզաբանված հարցերը: Իսկ դրանք կենսական են, քանի որ Իրանը ցանկանում է ամրապնդվել հայ-իրանական սահմանին, այսինքն՝ Իրանի հարևանությամբ»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ դրանով պայմանավորված՝ սա այն հարցն է, որն անկախ զարգացումներից՝ ԻԻՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում է:
Նրա խոսքով, ավելորդ է նշել, որ Իրանի ակնկալիքը Հայաստանից Արևմուտքին ազդեցության մեծ լծակներով չօժտելու քաղաքականությունն է:
«Թեև սա բարդ հարց է, քանի որ Հայաստանը խորացնում է համագործակցությունն Արևմուտքի հետ: Ուստի պետք է այնպես կառուցել հարաբերությունների համակարգը, որ ռեգիոնում անվտանգությունը նոր մարտահրավերների առջև չկանգնի»,- ասաց մեր զրուցակիցը:
դեպի ետ